Ամեն անգամ երբ միտք եմ բարձրաձայնում գնալ Ստեփանակերտ, ընկերս, ինչպես նաև շուրջ բոլորը ասում են “վտանգավոր ա” “բա որ մի բան եղավ” ես ել ասում եմ “այ մարդ ինչ պտի լինի, կգնամ կայֆավատ կլինեմ, հին տները կտենամ հետ կգամ։” Էսօր, հերթական նույն խոսաքցությունից հետո հասկացա ինչի եմ այդքան շատ ուզում նորից գնամ Ստեփանակերտ։ Հասկացա, որ չեմ ուզում գնամ “կայֆավատ” լինելու, Բարդակում անվերջ խմելու կամ քաղաքով ման գալու։ Ուզում եմ գնալ Ստեփանակերտ, որ ինքս իմ աչքով համոզվեմ որ այն կանգում է։ Որ կյանքը առաջ է գնում, թեև դա անհավանական է թվում։ Ուզում եմ մտնել Նոստալժի սուպերմարկետ ու այնտեղ ամենօրյա, քաղաքավարությունից բխած, զրույց վարեմ վաճառողուհու հետ; ուզում եմ մտնել վաղեմի Garden's, հիմա Բաժակ կոչվող տաք սրճարանը ու սուրճ խմեմ՝ թաքնվելով անձրևից։ Ուզում եմ նստել Բարդակի դրսի իշավոտնուկներին ու ծխեմ, ինչպես արել եմ սեպտեմբերի 25ի երեկոյան։ Այնքան եմ ուզում զգալ քաղաքի թեթև օդը, և այնքան եմ վախենում, որ այն այլևս երբեք թեթև չի լինի։ Որ օդը, ինչպես և հազարավոր մարդկանց կյանքեր կանգ է առել սեպտեմբերյան այդ չարաբաստիկ լուսաբացի մեջ։ Ես նույնպես, ընդմիշտ կիսել եմ էությունս առաջվա և հետոյվա միջև։ Այլևս չկա անբիծ երջանիկ Զառան, որը ոտաբոբիկ պարում էր սառը հատակի վրա։ Այդ աղջնակը ընդմիշտ քարացել է անցյալի մեջ՝ պատերազմից առաջ մեր անցյալի մեջ։ Ես ուզում եմ վերադառնալ Ստեփանակերտ և գտնել նրան, այդ ծաղկավոր զգեստով աղջկան, որը անդադար ծիծաղում էր փողոցով քայլելիս։ Ուզում եմ գտնել նրան և խոսել իր հետ․ թող ինքը պատմի իր մանր-մունր խնդիրներից, իր սիրահարված սրտից, իր վախերից ու երազանքներից։ Իսկ ես լուռ կլսեմ իր ամեն մի բառը, չեմ ընդհատի և ոչ մի արցունք չեմ թափի։ Ես կլսեմ նրան և գուցե ինքս էլ հիշեմ այդ ամենը, գուցե խորը շունչ քաշեմ ու զգամ այդ նույն քամից, նույն մաքուր, զով օդը, նույն անբիծ ազատությունը։